Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Արարատ Միրզոյանի ֆիասկոն Մոսկվայում

Արարատ Միրզոյանի ֆիասկոն Մոսկվայում
28.02.2019 | 13:19

Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն և ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել` տեղեկությունը տարածեց «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը: Արձանագրությունը ստորագրել են «Եդինայա Ռոսիա»-ի քարտուղարի տեղակալ, ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը և ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Այդ արձանագրությունը մենք ստորագրել ենք մեր կուսակցությունների ղեկավարության հանձնարարությամբ: Վերջին հաշվով՝ դա կնպաստի մեր երկրների համագործակցության ամրապնդմանը և ամբողջովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որ վարում է Ռուսաստանը և, հուսով եմ, Հայաստանը, այդ թվում նաև՝ միջազգային ասպարեզում»` ասել է Անդրեյ Կլիմովը: Նա նշել է, որ փաստաթուղթը կուսակցությունների համագործակցության բազա կապահովի՝ ուղղված հետխորհրդային ամբողջ տարածքի զարգացմանը, հանուն խաղաղության և անվտանգության: Կլիմովն առաջարկել է ապրիլին շարունակել կուսակցությունների երկխոսությունը: Միքայել Մելքումյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում պահպանվում են ռուսամետ տրամադրությունները:

«Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը առաջնահերթություն է, մեր ռազմավարական մոտեցումն է: Մեր կուսակցության հիմնական մոտեցումներից մեկը և եվրասիական, և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ամբողջական ինտեգրումն է», - ԲՀԿ փոխնախագահի խոսքերն է փոխանցում «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը:


Փաստացի` ԲՀԿ-ն այնքան է սնանկացել, որ այլ երկրների կուսակցությունների հետ համագործակցությունը իրականացնում է ՀՀ հարկատուների հաշվին` Միքայել Մելքումյանը Մոսկվայում էր` իբրև Մոսկվա պաշտոնական այցով մեկնած Աժ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակության անդամ: Դա հարցի ֆինանսական կողմն է, կա քաղաքականը: ԵԴ-ի հետ արձանագրության ստորագրությամբ Միքայել Մելքումյանը տապալել է ԱԺ նախահահի առաջին այցը Մոսկվա: Եվ դա շատ լուրջ ազդանշան է ԱԺ նախագահի համար, հետայսու նա պետք է պարտադիր պարզի` իր պատվիրակության անդամները որևէ երկիր մեկնելիս չե՞ն պատրաստվում սեպարատ բանակցություններ ու համաձայնագրեր կնքել այդ երկրի կուսակցությունների կամ այլ կառույցների հետ: Միջկուսակցական համագործակցությունը քաղաքական գործունեության այն տեսակն է, որ չի կարող ու չպետք է վարվի պետության հաշվին` սա մեկ և երկրորդ` միջկուսակցական համագործակցությունը չի կարող վարվել պետության անունից: Նույնիսկ երբ խոսքը որևէ երկրի իշխող կուսակցությանն է վերաբերում: Եվ երրորդ` ՀՀ որևէ պաշտոնյա` օրենսդիր, թե գործադիր իշխանության անդամ լինելով` իրավունք չունի հայտարարություններ անել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին հօգուտ որևէ պետության, եթե դա ամրագրված չէ ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգում: Թվում է` պարզ, տարրական, ինքնին հասկանալի ճշմարտություններ են: Հայաստանում հենց այդ ճշմարտություններն են ամենակասկածելին ու ամենաոտնահարվածը եղել:


Դեռ Աժ արտահերթ ընտրություններից առաջ բազմիցս բարձաձայնվել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է ռուսական շահի ներկայացուցիչ ու պաշտպան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքն է հայտարարել, որ 6-րդ գումարման ԱԺ բոլոր քաղաքական ուժերի հետ լուրջ աշխատանք է տարվել: Նախարարի հայտարարությունը որևէ մեկի համար նորություն չէր, պարզապես հաստատումն էր, որ Ռուսաստանը շարունակում է խառնվել Հայաստանի քաղաքական կյանքին և Հայաստանում որոշումներ ընդունել նաև կուսակցական մակարդակներում: Հարց` հայտնի՞ է Միքայել Մելքումյանին և նրան Մոսկվայում արձանագրություն ստորագրելու իրավունք տված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմիցս բարձրաձայնած դիրքորոշումը, որ Հայաստանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, Հայաստանը հայամետ է: Եթե այո, դեմա՞րշ է Նիկոլ Փաշինյանի դեմ, որ Միքայել Մելքումյանը Մոսկվայում հայտարարում է` խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում պահպանվում են ռուսամետ տրամադրությունները: Թե՞ հենց Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ու ՔՊ-ի աջակցությամբ ստեղծվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովը և տրվեց ԲՀԿ-ին, որ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նման հայտարարություններ անի, որ արձանագրում ու տարածում է ռուսական կողմը: Կա՞ հետհեղափոխական Հայաստանում որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն, որ վկայում է խորհրդարանական ընտրություններից հետո ռուսամետ տրամադրությունների համեմատումը նախահեղափոխական համանման հարցումների հետ ու հաստատում պահպանումը: Գուցե ԲՀԿ-ն ինքն է նման հարցում պատվիրել ու ստացել իրեն հաճո տվյալներ: Նույնիսկ այդ դեպքում ԱԺ հանձնաժողովի նախագահը նման հայտարարության իրավունք չունի, եթե չի շեշտում, որ ինքը հանդես է գալիս միմիայն իր կուսակցության անունից, ոչ թե ԱԺ-ի:
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը և փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը իրենց գլխավորած պատվիրակությունների հետագա այցերի ժամանակ պարտավոր են կանխել պատվիրակության այլ կուսակցությունների` ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի անդամների հնարավոր նման քայլերը, որ երկրում էլ լինի` միջազգային ասպարեզում նույնական քաղաքականության պարտավորություն չստանձնելու համար` ինչպես հայտարարել է ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը` ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ արձանագրություն ստորագրելիս: ԲՀԿ-ն իբրև կուսակցություն ազատ է իր դիրքորոշումներում ու կողմնորոշումներում, բայց դա չի կարող պետության հաշվին լինել ու պետության դեմ լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բայց դա ԱԺ նախագահի միակ ֆիասկոն չէր: Կար ավելի մեծը, որի սկիզբը դրվել է Երևանում: Երբ որևէ խորհրդարանի նախագահ մեկնում է արտասահման այցի` հանդիպումներ են կազմակերպվում խորհրդարանի նախագահի, եթե արտասահմանյան երկրի խորհրդարանը երկպալատանի է` երկու պալատների նախագահների հետ, այդ երկրի վարչապետի, պաշտոնական այցերի դեպքում` նաև նախագահի հետ: Եթե ՌԴ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլորդինը չէր ընդունելու ԱԺ նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը, այցը պետք էր հետաձգել` մինչև նաև այդ հանդիպման պայմանավորվածությունը կայանար: Սա նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան վատ աշխատանքի հետևանք է: Գնալ Մոսկվա և հանդիպել միայն Դաշնային խորհրդի Դաշնային Ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, մեղմ ասած, ԱԺ նախագահի համար ու Հայաստանի Հանրապետության խորհրդարանի համար պատվաբեր չէ: Գուցե ԱԺ-ում չեն հասկանում ու չեն կարևորում արարողակարգային նրբությունները, բայց միջազգային ասպարեզում այդ դիտարկումն արվում ու գնահատականը տրվում է` եզրակացություններով հանդերձ: Եվ իրավիճակը չի փրկում, որ Արարատ Միրզոյանը առաջին անգամ ելույթ է ունեցել ՌԴ ԴԽ ԴԺ-ում: Առավելևս, որ իր ելույթում ԱԺ նախագահը չափազանց կարևորել է հայ-ռուսական համագործակցությունը: Ճիշտ է` փետրվարի 27-ին իր ելույթում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սումգայիթի դեպքերին ու Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի էթնիկ զտումներին, Պետդումայի պատգամավորների, այդ թվում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամների մասնակցությանը Բաքվում հակահայկական միջոցառմանը` «Խոջալուի զոհերի հիշատակի առիթով»: Բաքուն տասնամյակներ Խոջալուն որակում է «ցեղասպանություն» ու մեզ վրա է բարդում մեր չգործած հանցանքը` Ադրբեջանի ներքին հարցերով պայմանավորված խաղաղ բնակիչների գնդակահարությունը, որոնց հեռանալու համար հայկական կողմը թողել էր մարդասիրական միջանցք:


Նվազագույնը տարրական հարգանքի բացակայություն է ու քաղաքական դեմարշ, որ ՀՀ ԱԺ նախագահի Մոսկվա այցի օրերին Պետդումայի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամները Բաքվում հակահայկական երթի են մասնակցում: Իրականում Արարատ Միրզոյանը ոչ թե պետք է հայտարարեր. «Հարգելի բարեկամներ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջեւ գործակցության բարձր եւ դաշնակցային մակարդակին, եւ չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի ջանքին, մեր ռուսաստանցի գործընկերներից ոմանք բառացիորեն նախօրեին դարձել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակից, որը տեղի է ունեցել Բաքվում եւ ուղղված է եղել ռեգիոնի կայունության եւ խաղաղության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում տվյալ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամների մասնակցությունը», այլ այցը հետաձգեր առավել հարմար պահի, երբ այդ սկանդալը հարթված կլիներ, Պետդուման ինչ-որ բացատրություն տված կլիներ հայկական կողմին: Բացատրություն, որ այդպես էլ Մոսկվայում չտրվեց: Եվ ոչ միայն պատգամավորափորձագիտական դեմարշի, այլև` մամուլում ու հեռուստատեսությամբ հակահայկական հրապարակումների ու հաղորդումների վերաբերյալ: Ստացվում է` մենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, Ռուսաստանը` Ադրբեջանի: Եվ Աժ նախագահը ոչինչ չի կարող անել դրա դեմ:


Իդեպ` ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը նաև պիտի պարզաբանի` ինչու՞ չկայացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծրագրված հանդիպումը ռուսահայ գործարար սեկտորի հետ: Գուցե սա Աժ նորընտիր նախագահի առաջին արտասահմանյան այցն էր, իսկ առաջինը միշտ կուտ է գնում, բայց հետագա այցերի համար պարտադիր ուշադրություն պետք է դարձվի արարողակարգային պահանջներին, որ հենց այնպես չեն հնարվել և այցի որակի ու մակարդակի ցուցիչ են: Առավելևս խորհրդարանական հանրապետությունում, որի խորհրդարանի նախագահը ոչ միայն իր անձն է ներկայացնում ու իր կուսակցությունը, այլև` պետությունը: Իսկ պետության վարկի ու հեղինակության հետ շատ զգույշ ու հարգանքով պետք է վարվել:

Դիտվել է՝ 5694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ